понедельник, 3 марта 2014 г.


Մի հին դղյակում
մի ծեր ասպետ էր ապրում,
գանգուր, ճերմակ մազեր ուներ նա
մինչև ուսերը հասնող
բարձր ճակատով էր
և հորթուկի մոխրագույն աչքերով...
Ոչ-ոք նրան չէր այցելում
ոչ-մեկի նա չէր սպասում
նա մեն-մենակ էր իր հին դղյակում
և երբեք չէր լքում իր դղյակը:
Ամեն իրիկուն նա դանդաղ շրջում էր
իր դղյակի ջահազարդ միջանցքներով
և խնամքով սրբում էր փոշին
պատից կախված իր նկարած նկարների,
հետո նա գնում էր իր ջահազարդ ննջարանը
հագնում էր մի ճերմակ տոգա
դափնեպսակ էր գլխին դնում
և սկսում էր բարձրաձայն արտասանել
իր գրած բանաստեղծությունները
իրերին, որոնք
ծափահարում էին նրան
և գոռում էին՝ բի՜ս ...
Բայց մի օր եկավ
գնալու ժամը-
և նա հրդեհեց իր դղյակը հին
և իրեն՝ նրա մեջ փակված ...
Ոչ-ոք չիմացավ նրա անունը
ոչ-ոք չտեսավ նրա գործերը
լոկ այս լեգենդը
նրանից մնաց իբրև հիշատակ,
որն ասում է, թե իբր
նրա դղյակը ամեն կեսգիշեր
հառնում է ճերմակ մոխիրներից
ու նորից մոխիր դառնում
արևածագին ...

Комментариев нет:

Отправить комментарий