вторник, 18 марта 2014 г.


Ես այն խնձորն եմ,
որ ընկավ Նյուտոնի գլխին:
Ես այն խնձորն եմ,
որի պատճառով պատերազմ ծագեց։
Ես այն խնձորն եմ,
որ Ադամին ու Եվային դրախտից վտարել տվեց:
Ես այն խնձորն եմ,
որ Վիլհելմ Թելը մեջտեղից կիսեց:
Ես այն խնձորն եմ,
որ ափսեի մեջ պտտվեց ու բախտ գուշակեց ...

Ես այն խնձորն եմ,
որ տատիկը շուկայում գնեց:









среда, 12 марта 2014 г.




Սերը տարիք, սերը սեռ չի հարցնում,
գալիս է ու ամեն ինչ կարմիր ներկում ...
Կեցցե սերը երկնագույն,
կեցցե սերը վարդագույն,
կեցցե կարմիրը, որ ձուլվում է սպիտակին,
կեցցե սպիտակը, որ ձուլվում է կարմիրին,
կեցցե երանգների այն հրավառությունը,
որ ծնվում է դրա արդյունքում
և բոլորին վարդակապող
ծիածանը, ծիածանը երեքգույն ...






Բիթլզ

Նրանց երգերում - ծնծղաներ արծաթաձայն,
նրանց երգերում - զանգակներ ու շեփորներ ոսկեձայն,
նրանց երգերում - ծափ ու ծիծաղ, ծիածաններ հազարագույն,
նրանց երգերում - հոգու շոյանք,
նրանց երգերում - մեղվի խայթոց,
նրանց երգերում - մանկության հուշ, մանկության հոտ,
նրանց երգերը - կանաչ խնձոր,
որ դարերում է հասնելու ...

пятница, 7 марта 2014 г.




Ոչ մի գիրք ես չեմ ուզում կարդալ                  
ու չեմ ուզում ես ամուսնանալ.
Իմ մարմինը իմ ձեռքերի կարիքն է զգում միայն
իմ սիրտը - իմ խոսքերի ...
Հեռու՛ ինձանից ձեռքեր կանացի
հեռու՛ ինձանից գրքեր խելացի.
Իմ մարմինը իմ ձեռքերի կարիքն է զգում միայն
իմ սիրտը - իմ խոսքերի ...

Իմ մարմինը հանգրվանն է                 
աշխարհի բոլոր հոգիների 
դեպի իմ մարմինն են թռչում
բոլոր հոգիներն աշխարհի ...
Օ, մի՜ մեռիր մարմին իմ, մի՜ մեռիր -
ախր, անտուն, ո՜րբ կմնան
հոգիները ողջ աշխարհի :

  



Դուք աստվածներ էիք ինձ թվում
թվում էր դուք երբեք
չեք հիվանդանալու, չեք ծերանալու, չեք մահանալու
ու միշտ լինելու եք իմ կողքին ...
Բայց, ախ, դուք ահա գնում եք հերթով,
հարազատնե՜րս, դուք ավազի պես ահա
իմ ափից վա՜յր եք թափվում արագորեն ...
Ես ի՜նչ անեմ, որ ձեզ պահեմ,
ես ի՜նչ անեմ, որ իմ ափը չդատարկվի
ու չվերածվի ընդդեմ Աստծո չար բռունցքի ...

Հոգնեցին աչքերս այսքան փայլերից
հոգնեցին աչքերս այսքան լույսերից
այսքան գույներից հոգնեցին աչքերս ...
Բաց արա դուռդ, Տուն իմ Հոր
ես մոմազարդ ու խնկահոտ
քո գիրկն եմ գալիս ...



Ինչպես մեղուն է բեռնավորված իր քաղցր բեռով
մտնում փեթակը տաք,
ինչպես խցանահանն է խրվում խցանի մեջ,
ինչպես սուսերն է մխրճվում
պատյանի մեջ նեղ,
ահա այդպես ես կմտնեմ քո մեջ
ու կճոճեմ մարմնիդ ճերմակ առագաստը
իբրև հարբած մի ծովահեն ...
Եվ ինչպես հողն է գրկում արմատները,
ինչպես կեղևն է գրկում ծառին,
ահա այդպես դու կգրկես ինձ,
ահա այդպես ես կգրկեմ քեզ,
որ իններորդ ալիքն իմ սիրո
չխորտակի ճերմակ առագաստդ հանկարծ ...



Երեկ ես չէի կարողանում Ձեզ մերկ պատկերացնել՝
երեկ ես Ձեզ սիրում էի,
Այսօր ես չեմ կարողանում Ձեզ մերկ պատկերացնել՝
այսօր ես Ձեզ սիրում եմ,
Վաղը ես չեմ կարողանալու Ձեզ մերկ պատկերացնել՝
վաղը ես Ձեզ սիրելու եմ ...

Ախ, երանի Ձեր երազներում
ես Ձեզ միշտ մերկ պատկերանայի ...


Կարկուտ

Ադամանդնե՜ր, ադամանդներ երկնքից -     
գորշ մայթերին, տանիքներին
մարդկանց հոգնած գլուխներին
ադամանդնե՜ր, ադամանդներ երկնքից ...
Մի բուռ ադամանդ հավաքած
ես գալիս եմ, ես վազում եմ դեպի ձեզ,
որ շաղ տամ ձեր հասակն ի վեր
ադամանդնե՜ր երկնքից,
որ ձեր ծոցը լցնեմ
ադամանդնե՜ր երկնքից ...
Ես վազում եմ, ես շտապում եմ,
որ չվերածվեն հանկարծ նրանք
մի բուռ, մի բուռ արցունքի՜ ...




Ամպեր վաճառողը


Քաղցր բամբա՜կ եմ ծախում, քաղցր բամբակ -
կանաչ, կարմիր, կապույտ, դեղին,
խնձորի, տանձի, դեղձի համերով
քաղցր բամբա՜կ ...                                        
Ձեր հոգսերը մի պահ մոռացեք
ու բակ իջեք, մարդիկ,
որ գնեք
ամպե՜ր կանաչ,
ամպե՜ր կարմիր,
ամպե՜ր կապույտ,
ամպե՜ր դեղին,
որ տանձի, խնձորի, դեղձի համերով
ամպեր ուտեք
ու ամպերի պես թեթևանա՜ք ...



Խորհրդավոր պտուղը

Իմ կեղևը երկնագույն է
իսկ միջուկս վարդագույն,
ես աճում եմ կարմիր ծառին, որը
կանգնած է կանաչ սարին, որը
գտնվում է դեղին կղզում, որը
լողում է սպիտակ ծովում ...
Յոթ նայադ գիշեր ու զոր պտտվում են նրա շուրջ,
յոթ նայադ գիշեր ու զոր փսփսում են իմ մասին
ու հսկում են ու հսկում են, որ հանկարծ
ոչ մի նավազ ու առագաստ
նրա ափերին չմոտենա
ու ինձ հանկարծ չգողանա...
Հազար տարի ահա այսպես աճում եմ ես,
հազար տարի հառաչում ու տանջվում եմ ես
ու երազում ու սպասում
ինձ քաղող
ինձ համտեսող
ու ինձ նայադ դարձնող
հազար ծովեր նավարկած
հազար նավեր թալանած
հազար շիշ ռոմ դատարկած
հազար դաջվածք մարմնին արած
միոտանի, միաչքանի
ձախ ականջին օղ արած
իմ սիրառատ ծովահենին ...


вторник, 4 марта 2014 г.



Սուրճը տաք էր,                                       
երեկոն էր սառը,                                
երեկոն էր անդուր: 
Սուրճը համով  էր,  
երեկոն էր անհամ,
երեկոն էր անալի:
Իմ հայացքը ալ էր,
քո հայացքն էր անգույն,
իմ սիրտը քաղցր էր,
քո հոգին էր դառը ...
Ավաղ մենք չկարողացանք, չկարողացանք վռնդել
ոչ մեզ մատնացույց անող ու բամբասող ամբոխին,
ոչ մեզ շանթել սպառնացող ճերմակամորուք պապիկին՝
մեր գլուխներում հանդիսավոր բազմած:


Չէ, Ադամը տխուր չէր,
Ադամը մենակ չէր,
Ադամը անհոգ, երջանիկ
ապրում էր դրախտում:
Ադամը որսորդ էր,
Ադամը ձկնորս էր,                                               
Ադամը ուրախ մի խաշնարած էր:
Բայց Աստված սիրեց, շատ սիրեց Ադամին
և նվիրեց նրան Եվային ...
Եվ այդ օրից սկսած մինչև հիմա
Ադամը տխուր է, 
Ադամը մենակ է,
Ադամը դժբախտ է:
Եվ միայն երազներում
Ադամը ապրում է այն չքնաղ ժամանակը,
երբ ինքը մենակ էր դրախտում,
երբ ինքը երջանիկ էր:

понедельник, 3 марта 2014 г.


Ախպերություն

- Ոստիկան, ոստիկան,
հենց նոր
այ էն մարդը իր ընկերների հետ
ինձ ծեծեց ...
- Դատավոր, դատավոր,
հենց նոր
այ էն ոստիկանը իր ընկերների հետ
ինձ ծեծեց ...
- Թագավոր, թագավոր,
հենց նոր դատավորը, ոստիկանը իրենց ընկերների ընկերների հետ
ինձ ծեծեցին ...
- Աստված, Աստված,
հենց նոր
այ էն թագավորը,
այ էն դատավորը,
այ էն ոստիկանը իրենց ընկերների հետ
ինձ ծեծեցին ...
Աստված մթագնեց ու տեղնուտեղը
շանթեց խեղճին:

Ես վերադարձել եմ, Տիրուհի,
ես անչափ հոգնած եմ,
զգույշ իջեցրեք ինձ թամբից,
հանեք զրահներս,
նժույգիս գարի ու ջուր տվեք,
իսկ ինձ տարեք դրեք տաշտն ու լողացրեք
ինչպես մի որբ երեխայի ...
Հետո փափուկ ցամքոցով ինձ բարուրեք,
կամացուկ պառկեցրեք ձեր ճերմակ անկողնում,
սրբեք ձեր մետաքսյա թաշկինակով
իմ արցունքները,
բալզամ քսեք վերքերիս,
համբուրեք ճակատս
և մի օրորոցային երգեք, որ ես քնեմ ...
Ախ, ես Ձեզ սիրում եմ, Տիրուհի ...


Ես եկել եմ այնտեղից
ուր փողոցները անուններ չունեն,                  
ուր չկան արձաններ
ուր բոլոր մարդիկ իրար բարևում են,
ուր բոլորը միևնույն լեզվով են խոսում,
այնտեղ միշտ գարուն է, հավերժ գարուն է
այնտեղ աստվածները մարդկանց հետ են ապրում ...
Ձեր տոնական շորերը հագեք
ես եկել եմ, որ ձեզ բոլորիդ այնտե՜ղ՝
Ամենտի կապույտ երկի՜րը տանեմ ...


Տապանագիր

Այսպես գրեք շիրմաքարիս.
<< Մի չարաճճի երեխա էր նա,
որ անչափ սիրում էր քաղցրավենիք
ու սիրում էր ձնագնդիկով կանանց հարվածել ...
Նա սիրում էր ամառային գիշերներով
աննպատակ, անհոգ զբոսնել քաղաքի մայթերով
ու բարևել գիշերային թիթեռնիկներին ...
Նա սիրում էր քաշքշել աղջիկների վարսերից,
նա սիրում էր կատուներին ...
Նա մի անտուն պոետ էր,
ասպետ էր նա մի խնդասիրտ,
որ Կապույտ դղյակի Տիրուհուն էր սիրահարված
ով ուներ մոխրագույն աչքեր
և երկնագույն ժպիտ ...
Բայց ամենից շատ
նա սիրում էր դաշտում մենակ պարել
ու իր քեռուն >> :

Երեկ ծնունդս էր,                                 
ինչու՞ չկայիք          
այսօր կնունքս է
ինչու՞ չկաք,
վաղը թաղումս է,
հուսով եմ՝ կգաք:

Մի հին դղյակում
մի ծեր ասպետ էր ապրում,
գանգուր, ճերմակ մազեր ուներ նա
մինչև ուսերը հասնող
բարձր ճակատով էր
և հորթուկի մոխրագույն աչքերով...
Ոչ-ոք նրան չէր այցելում
ոչ-մեկի նա չէր սպասում
նա մեն-մենակ էր իր հին դղյակում
և երբեք չէր լքում իր դղյակը:
Ամեն իրիկուն նա դանդաղ շրջում էր
իր դղյակի ջահազարդ միջանցքներով
և խնամքով սրբում էր փոշին
պատից կախված իր նկարած նկարների,
հետո նա գնում էր իր ջահազարդ ննջարանը
հագնում էր մի ճերմակ տոգա
դափնեպսակ էր գլխին դնում
և սկսում էր բարձրաձայն արտասանել
իր գրած բանաստեղծությունները
իրերին, որոնք
ծափահարում էին նրան
և գոռում էին՝ բի՜ս ...
Բայց մի օր եկավ
գնալու ժամը-
և նա հրդեհեց իր դղյակը հին
և իրեն՝ նրա մեջ փակված ...
Ոչ-ոք չիմացավ նրա անունը
ոչ-ոք չտեսավ նրա գործերը
լոկ այս լեգենդը
նրանից մնաց իբրև հիշատակ,
որն ասում է, թե իբր
նրա դղյակը ամեն կեսգիշեր
հառնում է ճերմակ մոխիրներից
ու նորից մոխիր դառնում
արևածագին ...

Հրաշք լիներ,
բոլոր տղամարդիկ աշխարհի 
հանկարծ չքանային
ու մնայի լոկ ես
ես ու աշխարհի բոլոր կանայք -
բաքոսուհիների պես
նրանք իմ ետևից վազեին խենթացած
ու չկարողանային, չկարողանային
ինձ բռնել ...
Հրաշք լիներ,
բոլոր կանայք աշխարհի
հանկարծ չքանային
ու մնայիք լոկ դուք -
ես ձեզ փախցնեի-բերեի
իմ դղյակը հին
փակեի նրա ամենաբարձր աշտարակում
ու ոչ-մի տղամարդու
թույլ չտայի
ձեզ ինձանից խլել ...


Մի կին ինձ խեցի նվիրեց
ճերմակ, ճերմակ մի խեցի
նվիրեց ու ասաց.
՛՛ Երբ տխուր կլինես,
երբ կլինես անչափ մենակ,
շշնջա նրա մեջ իմ անունը
ու ես կգամ ՛՛ ...
Եվ ես շշնջում էի,
և նա գալիս էր,
և ես երջանիկ էի:
Բայց մի օր ես տեսա,
որ իմ ընկերն ինձանից ավելի տխուր է,
ավելի մենակ,
և ես նրան նվիրեցի այդ կախարդական խեցին:
Եվ հիմա ես իրոք երջանիկ եմ,
քանի որ իմ ընկերը տխուր չէ այլևս ...

суббота, 1 марта 2014 г.


Երբ կմարի հույսը վերջին,
երբ երազները կայրվեն ու կդառնան մոխիր՝
կվառվեն հեռվում լույսերը այն Տան,
ու ես կընկնեմ ճանապարհ ...
Ու կհաղորդվի հոգիս աստվածային բույրերին,
ու կհաղորդվի հոգիս աստվածային ձևերին,
ու հարություն կառնի հույսը կրկին,
երազները մոխրից նորից կհառնեն ...
Ետ չեմ դառնա ես այնտեղից,
կմնամ, կապրեմ նրա կարմիր պատերի ներսում
ու ամեն իրիկուն քուն կմտնեմ
ներկած կոպերով նրա բնակիչների
թարթիչների ստվերներում ...

Ադամանդնե՜ր, ադամանդներ կան պահված կանաչ սարերի մեջ արևակեզ.
Տիգրան Մեծի ոսկինե՜րը, ոսկիներ կան թաղված արնաբույր այս հողի տակ արևակեզ,
Հեյ ջա՜ն, եկեք, փորեք, տարեք գանձերը այդ արնահամ,
Իսկ մեզ թողեք միայն մեր տառերը, մեր գրերը, մեր լեզո՜ւն արևակեզ ...

...Ու Աստված նայեց ծաղիկներին,                   
ու Աստված նայեց ծառերին,                            
ու կավից ստեղծեց Ադամին ...                          
Ու Աստված դարձյալ նայեց ծաղիկներին,
ու Աստված դարձյալ նայեց ծառերին,
ու Ադամի կողից ստեղծեց Եվային:
Ու երբ ծաղիկներն ու ծառերը տեսան Ադամին,
ու երբ ծաղիկներն ու ծառերը տեսան Եվային՝
գլուխ տվին նրանց,
քանզի հասկացան, թե ում նմանությամբ են
իրենք ստեղծված:

Գնաց փողը, գնաց
գինուն ու բոզերին,
ի՜նչ կարճ տևեց խնդությունը ...                       
Առնեմ դանակս ու դուրս գամ փողոց,
առանց ինձ հարբում են վաղուց
պանդոկների թանձր ծխում
ընկերներս անտերուդուս,
կարոտից արդեն գժվում են
պոռնիկներն իմ անճոռնի ...
Հե՜յ, պատրաստ պահեք ձեր քսակները՝
ես գալիս եմ,
ով չտվեց՝
իմ դանակը նրա դեմքին
հավերժ ժպիտ կնկարի ...

Ես ու դու,
ինչպես կարմիրն ու կանաչը,
ինչպես կապույտն ու նարնջագույնը,
ինչպես դեղինն ու մանուշակագույնը
լրացնում, ուժ ենք տալիս միմյանց,
երբ կողք-կողքի ենք ...
Ինչպես կարմիրն ու կանաչը,
ինչպես կապույտն ու նարնջագույնը,
ինչպես դեղինն ու մանուշակագույնը՝
ոչնչացնում ենք,
երբ ձուլվում, միանում ենք մեկմեկու ...

Կարմիր դղյակի
կարմիր սենյակներում
սիրո բաժակը ժամում հազար անգամ
խմվում-լցվում է, խմվում-լցվում է ...
Որքա՜ն արցունք է հոսել
կարմիր դղյակի
կարմիր սենյակներում,
որքա՜ն արյուն է թափվել
կարմիր դղյակի
կարմիր սենյակներում ...
Ուխտավոր, թե բախտը քեզ ժպտա
ու օրերից մի օր դու էլ
հայտնվես այնտեղ,
չզարմանաս, եթե տեսնես
սև ներկված մի փակ դուռ,
գլուխ խոնարհիր
ու մի կարմիր վարդ դիր այդ սև դռան առաջ -
այնտեղ իմ սիրտն է թաղված ...

Ես ծուռ եմ, ծուռ եմ, Սասնա ծուռ եմ,
սարերին ախպեր, ջրերին քուր եմ,
ինձ հեշտ է խաբելը՝ ես միամիտ եմ,
ջրի պես շատախոս, սարի պես լուռ եմ,
ճառագայթի պես ուղիղ, ծիածանի պես ծուռ եմ ...

Ես ծուռ եմ, ծուռ եմ, Սասնա ծուռ եմ: