четверг, 6 августа 2015 г.



Էս դղյակը փոքր է հագիս,
հե՜յ, տիրուհի, իմ հագով դու ի՞նչ ունես...

Էս քաղաքը փոքր է հագիս,

հե՜յ, քաղաքապետ, իմ հագով դու ի՞նչ ունես...

Էս երկիրը փոքր է հագիս,
հե՜յ, թագավոր, իմ հագով դու ի՞նչ ունես...

Էս աշխարհը փոքր է հագիս,

հե՜յ, Երկնավոր, իմ հագով դու ի՞նչ ունես...


Ես կդաջեմ քո նկարը իմ ձախ կրծքին,
որ դու լսես, թե ինչպես է սիրտս երգում,
երբ տալիս եմ քո անունը,
երբ տեսնում եմ քո ժպիտը,
երբ լսում եմ քո ծիծաղը...
Ես կդաջեմ քո նկարը իմ ձախ կրծքին,
որ դու լսես, թե ինչպես է սիրտս լալիս,
երբ մթնում են քո աչքերը,
երբ դողում են քո շուրթերը,
երբ մթնում է քո ջինջ հոգին...
Ես կդնեմ քո նկարը մեդալիոնում,
որ պահի ինձ
չար աչքերից,
չար խոսքերից,
օտար ու կեղծ չար սերերից...


Քո ափը ծաղկած, քո ափը շաղոտ,
իմ ափը ավազ, քար ու քարքարոտ,
ու քարերի մեջ ալվան մի ծաղիկ
գլուխը թեքել ու քո ափին է նայում կարոտով...


Այնպես համահունչ, այնպես համընթաց,
ներդաշնակ էին մեր հոգիները...
Ու կապույտ էր հոգիս աչքերիդ նման,
ու ժպտում էր հոգիս աչքերիդ նման,
ու ոտից գլուխ սիրտ էի ես,
ու ոտից գլուխ սիրտ էիր դու...
Բայց ալ էի ես ոտից գլուխ,
ու ոտից գլուխ մով էիր դու,
բայց ամպ էի ես ոտից գլուխ,
ու ոտից գլուխ շանթ էիր դու,
բայց դող էի ես ոտից գլուխ,
ու ոտից գլուխ շող էիր դու,
բայց կավ էի ես ոտից գլուխ,
ու ոտից գլուխ կող էիր դու...

Ու քոնն էի ես ոտից գլուխ,
ու ոտից գլուխ քոնն էիր դու...